ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել ՈՒկրաինային Tomahawk հեռահար թևավոր հրթիռներ փոխանցելու հարցը։ Սպիտակ տան ղեկավարը հույս է հայտնել, որ Պուտինը կհամաձայնի դադարեցնել պատերազմը։ «Հակառակ դեպքում, դա վատ կավարտվի նրա համար»,- սպառնացել է Թրամփը։               
 

Թող իրագործվի մեր հայրենիքի ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ապագայի հանդեպ ունեցած Ձեր տեսլականը

Թող իրագործվի մեր հայրենիքի ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ապագայի հանդեպ ունեցած Ձեր տեսլականը
30.09.2025 | 14:41

Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը 2001 թվականի սեպտեմբերի 30-ին՝ ձեռամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռնադրվել է եպիսկոպոս և հաստատվել որպես Շիրակի թեմի առաջնորդ։

Միքայել Սրբազանը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նվիրյալ հոգևորականներից է, ում ամբողջ կյանքն ու գործունեությունը խարսխված են եղել ճշմարտության, արդարության և անկեղծ ծառայության վրա։ Նա հոգևոր հայր է, ով իր անձնական օրինակով և բարոյական վեհությամբ առաջնորդել է հազարավոր հավատավոր զավակների՝ դաստիարակելով նրանց քրիստոնեական արժեհամակարգով և ազգային ոգով։

Սրբազանը տարիներ շարունակ մշտապես հավատարիմ է եղել իր հոգևոր ուխտին։ Նրա քարոզները հնչել են ամենուր․ նա միշտ գտնվել է ժողովրդի մեջ՝ մասնակից լինելով նրանց առօրյային, լսելով նրանց հոգսերը և ամրացնելով հավատքը։ Սրբազան Հոր խոսքը լի է աստվածաշնչյան ճշմարտությամբ, իսկ պատգամը՝ աննահանջ հավատքով։

Նրա Հայրական խոսքը հնչել և հասել է Շիրակի մարզի ամենածայրամասային գյուղերը։ Նա բացառիկ նվիրվածությամբ ամեն շաբաթ այցելել է համայնքներ, Սուրբ

Պատարագներ մատուցել գործող եկեղեցիներում, կիսավեր եկեղեցիներում, իսկ որտեղ չի եղել եկեղեցի՝ դպրոցներում և մշակույթի կենտրոններում։ Աստծո խոսքն ու Տիրոջ Մարմնի ու Արյան հաղորդությունը հասցրել է ամենածայրամասային գյուղերում ապրող քրիստոնյա իր զավակներին։ Նրա առաջնորդական ծառայության մեջ միշտ ուշադրության կենտրոնում են եղել տարեցները, երեխաները, ովքեր ընտանիքներից դուրս ապրում են մանկատներում, տուն-ինտերնատներում և ծերանոցներում, մարդիկ, ովքեր ունեցել են օգնության կարիք։

Միքայել Սրբազանի հոգևոր ուղին առանձնանում է անսասան հաստատակամությամբ․ նա երբեք չի դավաճանել ճշմարտությանը, անգամ այն ժամանակ, երբ դրա համար անհրաժեշտ է եղել խիզախություն և անձնազոհություն։ Նրա հոգևոր առաջնորդությունը համատեղում է և՛ բարի հոր մեղմությունը, և՛ արդար դատավորի խստությունը։

Սրբազան Հոր սիրելի հոտը իրեն ընկալում է ոչ միայն որպես հոգևոր առաջնորդի, այլ որպես հոգատար Հոր ու վստահելի ուսուցչի։ Նրա անմիջականությունը, մարդկանց հոգսը կիսելու կարողությունը և անձնական նվիրվածությունը նրան դարձրել են ժողովրդի սիրելի առաջնորդ։ Շատերը վկայում են, որ դժվար պահին Սրբազանը եղել է առաջինը, ով կանգնել է իրենց կողքին՝ ո՛չ միայն խոսքով, այլև գործով։ Նրա օրհնությունն ու խորհուրդը դարձել են հազարավոր հավատավոր զավակների կյանքի ուղենիշ:

Հավատավոր զավակները գնահատում են նրա արդարամտությունը, ազնվությունը և խոնարհությունը։ Նա երբեք չի առաջնորդվել անձնական շահերով կամ արտաքին փառասիրությամբ, այլ ապրել է հանուն Աստծո և ժողովրդի։ Այսօր էլ նրա կերպարը շատերի համար սրբազան հեղինակություն է, ում խոսքը հնչում է որպես վստահելի ու անշեղ ուղեցույց։

Գերաշնորհ Սրբազան Հայր,

Շիրակի Թեմի քահանայից դասը, աշխատակազմը, հավատավոր ողջ ժողովուրդը շնորհավորում են Ձեզ:

Առ Բարեգութ Հայր հանապազ աղոթքով հայցում ենք, որ Ձեզ անսասան պահի հատկապես այս ապօրինի կալանավորման օրերին, որ Դուք կրում եք հանուն ճշմարտության և առ հայրենիք սիրո: Թող շուտափույթ արդարություն հաստատվի, և Ձեզ տեսնենք մեր բոլորիս սիրելի Շիրակի թեմում:

Բարձրյալի զորակցությամբ թող իրագործվի մեր հայրենիքի ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ապագայի հանդեպ ունեցած Ձեր տեսլականը։

Որդիական խոնարհությամբ մատչիմք ի համբոյր Ձերդ Սրբազնութեան Սուրբ և Օծեալ Աջոյն։

Շիրակի թեմ

Դիտվել է՝ 1502

Մեկնաբանություններ